Խմբավար

TopikyanՄաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

1969 թ․-ին Հարություն Թոփիկյանը ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը (Վ. Քեթենջյանի դասարան)։

1973 թ․-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը (Լ․ Չունգուրյանի դասարան)։

1974 թ․-ին աշխատել է Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։

1979 թ․-ին հիմնադրել է ռադիոհեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախումբ» և ձայնագրել է 4 ձայնապնակի նյութ «Մելոդիա» ընկերության նախաձեռնությամբ:

1982 թ.-ին Հ․ Թոփիկյանը ռադիոհեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախումբը» ղեկավարելու գործունեության համար արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի:   

1987 թ.-ին Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած UVENTUS հեղինակավոր համամիութենական մրցույթին, Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը մասնակցություն ունենալով 19 երգչախմբերի կողքին, գրավել է առաջին տեղը:

1983-1991 թթ. Հ․ Թոփիկյանը ղեկավարել է Երևանի Պետական Համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային բեմերում։

1991 թ.-ին BRIDGES OF SONG TALLINN’91 երգի փառատոնին արժանացել է 20.000 անդամ ունեցող երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով Կոմիտասի «Հայրապետական օրհներգը»:

1991-1994 թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996 թ․-ին Մաեստրո Հարություն Թոփիկյանը Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ ստեղծել է Երևանի պետական կամերային երգչախումբը, որի առաջնային առաքելությունն էր կատարել և ձայնագրել Կոմիտասի ամբողջ երգչախմբային ժառանգությունը։ Հետագայում, մինչև 2004թ. երգչախմբի գործունեությունը շարունակվել է շնորհիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորության:

1997 թ․-ին մեծ հաջողություն է ունենում Հ․ Թոփիկյանի ղեկավարությամբ ԵՊԿԵ-ի ելույթը Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»։ 

1998 թ․-ին Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում Հ․ Թոփիկյանի ղեկավարությամբ ԵՊԿԵ-ը փայլուն ընդունելության է արժանացել՝ կատարելով Կոմիտասի վերականգնված պատարագը, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները Բոնն, Հալլե, Վիտենբերգ, Մագդեբուրգ քաղաքներում, այնուհետև՝ Սիրիայում և Լիբանանում։

1999 թ․-ին Բերգենում (Նորվեգիա) կայացած միջազգային երաժշտական փառատոնին Հ․ Թոփիկյանը ղեկավարել է ԵՊԿԵ-ը՝ համատեղ ելույթ ունենալով աշխարհահռչակ երաժիշտներ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի և սաքսաֆոնահար Յան Գարբարեկի հետ։

2000 թ.-ին Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության  ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Հ․ Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին:

2001 թ․-ին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Հ․ Թոփիկյանը ղեկավարել է համերգներ՝ LA SCALA թատրոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ (գեղ․ ղեկավար Ռիկարդո Մուտի)։

2000-2002 թթ․Հայաստանում և Գերմանիայում Հարություն Թոփիկյանը Վինֆրիդ Թոլլիի հետ համատեղ ղեկավարել է Frankfurter Kantorei կոլեկտիվը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որի ընթացքում կատարել է Տիգրան Մանսուրյանի գրված ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար գրված «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը (ըստ Ներսես Շնորհալու):


2003 թ․-ին «Սանկտ-Պետերբուրգյան դղյակներ» փառատոնին Հ․ Թոփիկյանը ԵՊԿԵ-ի հետ միասին արժանացել է քաղաքի նոր հիմնը ներկայացնելու պատվին։ Նույն թ․-ին Հայաստանում նա կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի փառատոնի շրջանակներում։

2005 թ․-ին Հալլե քաղաքում (Գերմանիա) Հ․ Թոփիկյանը ղեկավարել է ԵՊԿԵ-ը HALLISCHE MUSIKTAGE միջազգային փառատոնում։

2006 թ․-ին նա կոլեկտիվի հետ միասին ներկայացել է FESTIVAL D’ILE DE FRANCE միջազգային փառատոնին։

2007 թ․-ին Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հրավերով հայկական երաժշտությունը Հ․ Թոփիկյանի ղեկավարությամբ և ԵՊԿԵ-ի կատարմամբ հնչել է Հալեպում, Լաթակիայում և Դամասկոսում։

2008 թ․-ին կոլեկտիվը Հ․ Թոփիկյանի ղեկավարությամբ մասնակցել է Երևան – Մոսկվա – Շուշի – Բեթղեհեմ հեռուստամարաթոնին։

2009 թ․-ին Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ Հ․ Թոփիկյանը իր հիմնադրած երգչախմբով բազմաթիվ համերգներով հանդես է եկել Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ ներկայացնելով վարդապետի գրեթե բոլոր երգչախմբային ստեղծագործությունները։

2010 թ․-ին Լորետո քաղաքում (Իտալիա) կայացած VIRGO LAURETANA փառատոնի 50-ամյա հոբելյանին ԵՊԿԵ-ը ներկայացրել է Կոմիտասի ժառանգությունը ուղիղ հեռարձակմամբ՝ աշխահի ավելի քան 50 երկրներում։

2012 թ․-ից ղեկավարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների  տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։2013 թ.-ին մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

2014 թ․-ից «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» Հասարակական Կազմակերպության անդամ է։

2015 թ․-ին Հարություն Թոփիկյանը համագործակցել է ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ՝ ECM RECORDS-ում ձայնագրելով «Լույս ի Լուսո» ալբոմը, համերգային շրջագայություններով հանդես է եկել փոքր և մեծ կազմերով եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայի, Վրաստանի և Արևմտայն Հայաստանի քաղաքներում՝ տալով շուրջ 100 համերգ։

2018 թ․-ին ԵՊԿԵ-ը Մաեստրո Թոփիկյանի ղեկավարությամբ թողարկել է կոմպոզիտոր Վիլլի Վայների «Choral pieces by Willy Weiner» ձայնասկավառակը։

2019 թ․-ին Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ, Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ ԵՊԿԵ-ը ներկայացրել է 7 համերգ՝ («Կոմիտասը և մենք» խորագրով) կատարելով Վարդապետի 220 խմբերգերը։

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։           Երևանի պետական կամերային երգչախմբի` Հ․ Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

Facebook Youtube