Երգչախումբ

1996 թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ: 1996 թ․ Մաեստրո Հարություն Թոփիկյանը երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ ստեղծում է Երևանի պետական կամերային երգչախումբը, որի առաջնային առաքելությունն էր՝ կատարել և ձայնագրել Կոմիտասի ամբողջ երգչախմբային ժառանգությունը։ Հետագայում՝ մինչև 2004թ., երգչախմբի գործունեությունը շարունակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովանավորությամբ: 2009 թ. Երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ:

1997 թ․ առաջին հյուրախաղերը մեծ հաջողություն ունեցան Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»։     

1998 թ․ «Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն կերպով ներկայացրեց Կոմիտասի՝ վերականգնված պատարագը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, այնուհետև՝ Սիրիայում և Լիբանանում։

1999 թ․ Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացնում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրում ձայնասկավառակ։ 

1999 թ․ Բերգենում (Նորվեգիա) կայացած միջազգային երաժշտական փառատոնին երգչախմբի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը և սաքսոֆոնահար Յան Գարբարեկը։ Այնուհետև 2000 թ․ կոլեկտիվը մասնակցեց Հալլեում (Գերմանիա),  կայացած 30-րդ միջազգային փառատոնին։ Նույն թվականին Գլենդելում (ԱՄՆ) Երաժշտական ձերքբերումների III մրցույթում երգչախմբի կողմից ձայնագրված «Կոմիտաս վարդապետի երգերը» ալբոմը արժանացավ մրցանակի «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում ։

2001 թ․ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ կազմակերպվեցին համերգներ La Scala թատրոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։

2000-2002 թթ․Հայաստանում և Գերմանիայում «Frankfurter Kantorei» կոլեկտիվի հետ համատեղ մեծ հաջողությամբ կայացան համերգներ Վինֆրիդ Թոլլի ղեկավարությամբ։

2003 թ․ «Սանկտ-Պետերբուրգյան դղյակներ» փառատոնին կոլեկտիվն արժանացավ քաղաքի նոր հիմնը ներկայացնելու պատվին։ Այնուհետև կայացան ելույթներ Բենջամին Բրիտտենի (2003, Հայաստան), «Hallische Musiktage» (2005, Հալլե, Գերմանիա) և «Festival d'Ile de France» (2006, Էտամպ, Ֆրանսիա) միջազգային փառատոններում։

2007 թ․ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հրավերով հայկական երաժշտությունը երգչախմբի կատարմամբ հնչեց Հալեպում, Լաթակիայում և Դամասկոսում։

2008 թ․ երգչախումբը մասնակցեց Երևան – Մոսկվա – Շուշի – Բեթղեհեմ հեռուստամարաթոնին։

2009 թ․ Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, ներկայացնելով մեծն վարպետի գրեթե բոլոր երգչախմբային ստեղծագործությունները։

2010 թ․ Լորետո քաղաքում (Իտալիա) կայացած «Virgo Lauretana» փառատոնի 50-ամյա հոբելյանին ԵՊԿԵ-ը պատիվ ունեցավ ներկայացնելու Կոմիտասի ժառանգությունը ուղիղ հեռարձակմամբ՝ աշխահի ավելի քան 50 երկրներում։ Հենց այս կոլեկտիվի կողմից առաջին անգամ կատարվեցին Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012թ․), Կարա Մուրզայի «1-ին բազմաձայն պատարագը» (2013թ․) և Վիեննայի Մխիթարյան վանքի  «Այտընեան -Բէօմ» Պատարագը (2014թ․)։

Երգչախմբի էջերի ամենագեղեցիկ համագործակցություններից է «Լույս ի լուսո» նախագիծը, որն իրականացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ համատեղ։ Ձայնագրվեց ալբոմ՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և Անանիա Շիրակացու հոգևոր երգ-շարականների և տաղերի մի հավաքածու՝ դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանությամբ դաշնամուրի և երգչախմբի համար (2014թ․, «ECM Records»)։ 2015 թ․-ին երգչախումբը Տիգրան Համասյանի հետ մեծ շրջագայություն կատարեց մի շարք եվրոպական երկրներով, Թուրքիայի և Վրաստանի քաղաքներով։ Նույն թվականին կոլեկտիվը 5-րդ անգամ հրավիրվեց Մոսկովյան դասական երաժշտության և զանգի ղողանջների՝ ամենամյա «Հարության փառատոնին», որը հիմնել է Վալերի Գերգիևը։

2016 թ. երգչախմբի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ, իբրև գնահատանք երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման ու 20-ամյա վաստակի, կոլեկտիվը ստացավ պետական պարգևներ ու պատվոգրեր և բազում շնորհավորանքներ հանրաճանաչ համաշխարհային փառատոններից։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին» ԵՊԿԵ-ը հանդես եկավ հայ կոմպոզիտորների մի շարք գործերի առաջին կատարումներով: Նույն տարվա աշնանը երգչախումբը հաջողությամբ ելույթ ունեցավ Հայաստանում 1-ին անգամ անցկացվող «Շարական» փառատոնին՝ նվիրված հայ հոգևոր երաժշտության հարուստ ժառանգության պահպանմանը ու խթանմանը։

2017 թ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երեք ռուսական հայտնի երգչախմբերի հետ համատեղ, ԵՊԿԵ-ը մասնակցեց Հայ-ռուսական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը։ Նույն թվականին կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Art Stop» նախագծի շրջանակներում տեղի ունեցան համերգներ Ստեփանակերտում և Քաջարանում։

Բազմաթիվ համերգներին, ձայնագրություններին և հյուրախաղերին զուգահեռ, 2017 թ. ամբողջ ընթացքում ԵՊԿԵ մաեստրո Թոփիկյանի ղեկավարությամբ աշխատել է կոմպոզիտոր Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների ալբոմի ձայնագրման վրա։ Նոր՝ «Willy Weiner and Friends» ծրագրի պրեմիերան կայացավ 2018 թ. փետրվարին, իսկ հունիսին թողարկվեց «Choral pieces by Willy Weiner» ձայնասկավառակը։

2018 թ․ երգչախումբը Տիգրանի Համասյանի հետ մեկտեղ «Լույս ի լուսո» նախագիծը ներկայացրեց միջազգային “Caucasus” ֆոլկլոր փառատոնի շրջանակներում՝ հանդես գալով  Elbphilarmonie (Գերմանիա, Համբուրգ) համերգասրահում։ Նույն ծրագիրը մեծ հաջողությամբ ներկայացվեց նաև աշխարհահռչակ Het Concertgebouw (Նիդերլանդներ, Ամստերդամ) համերգասրահում:

2019 թ. նշանավորվեց Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանով: Երևանի Պետական Կամերային Երգչախմբի ծրագրերը նպատակադրվեցին առավելագույն չափով ներկայացնել Կոմիտասի երաժշտությունը: Ամբողջ տարվա կտրվածքով ծրագրվել էր «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգների շարք, որտեղ ներկայացվել էր Վարդապետի 220-ից ավել խմբերգեր: Հոբելյանական համերգների ընթացքում Կոմիտասին զուգահեռ կատարվում էին հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մեծ ոգևորությամբ են ընդունվել Էդ.Հովհաննիսյանի, Տ.Մանսուրյանի, Երվ.Երկանյանի, Ա.Հարությունյանի, Էդ.Միրզոյանի, Կ.Պետրոսյանի, Մ.Վարդազարյանի, Ռ.Ամիրխանյանի, Վ.Վայների, ինչպես նաև՝ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների խմբերգերը:

2019 թ. նոյեմբեր ամսին «Կոմիտաս - 150» ծրագրով ԵՊԿԵ-ը մեծ համերգով հանդես եկավ Աշխաբադ քաղաքում (Թուրքմենստան), «Հայաստանի մշակութային օրեր» փառատոնի շրջանակներում:

Այսօր կոլեկտիվն իր դիսկոգրաֆիայում ունի 16 ձայնասկավառակ։

Լուսինե Վարդանյան

«Ինձ համար անչափ գնահատելի է աշխատել Հարություն Թոփիկյանի հետ։ Կարծես երգչախումբը մի մեծ ընտանիք լինի, որի հոր դերն էլ ստանձնել է Մաեստրոն։

Արտակ Ասատրյան

Դուդուկահար | Վոկալիստ

Սոֆյա Անդրեասյան

«Այս երգչախմբի կազմում հայտնվելուն պես` կսովորեք լինել առավել բարի, կամեցող, լի դիմացինին լսելու ցանկությամբ, քան մինչ այդ էիք։

Վահագն Բաբլոյան

Ջութակահար | Վոկալիստ

Մերգելոս Ամիրխանյան

«Երգչախմբային արվեստը միասին արարելու անսահման հնարավորություններ է տալիս։

Facebook Youtube