Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից, Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբի աջակցությունը շարունակվել է նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, իսկ 2009թ. երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):
1997թ.-ից սկսվում են Երևանի կամերային երգչախմբի ելույթները միջազգային բեմերում. նույն թվականին երգչախումբը մասնակցում է Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»: Մեկ տարի անց երգչախումբը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի մշակութային օրերին Գերմանիայում, ունենալով համերգներ Բոնն, Հալլե, Վիտենբերգ և Մագդեբուրգ քաղաքներում:
1999թ. մասնակցում է Նորվեգիայի Բերգենի փառատոնին, որտեղ ի թիվս այլոց, ներկայացվում են համատեղ կատարումներ ճանաչված ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի և սաքսոֆոնահար Յան Գարբարեկի հետ:
2000թ. երգչախումբն հրավիրվում է մասնակցելու Գերմանիայում կայացող «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոնին: Նույն տարում ԱՄՆ Գլենդելում «BEST TRADITIONAL ALBUM» մրցանակը շնորհվում է երգչախմբի կողմից ձայնագրված «Կոմիտաս վարդապետի երաժշտություն» ձայնասկավառակին:
2001թ. Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում երգչախումբը համատեղ համերգով ներկայանում է իտալական աշխարհահռչակ «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ (ղեկ. Ռիկարդո Մուտտի): Գերմանական «Ֆրանկֆուրտեր կանտորայ» երգչախումբի (ղեկ. Վինֆրիդ Թոլլ) հետ բեղմնավոր համագործակցության արդյունքում 2000-2002թթ. Երևանի կամերային երգչախումբը և «Ֆրանկֆուրտեր կանտորայը» հանդիսատեսին ներկայանում են բազմաթիվ համատեղ համերգային կատարումներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտ/Մայն, Բոնն, Լիմբուրգ քաղաքներում:
2003թ. երգչախումբը հրավիրվում է մասնակցելու «Սանկտ Պետերբուրգյան դղյակներ» փառատոնին, որտեղ ներկայացնում է հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Փառատոնի շրջանակներում երգչախումբն արժանանում է Սանկտ Պետերբուրգի նոր հիմնը առաջին անգամ կատարելու պատվին: Նույն տարում երգչախումբը հրաշալի կատարումներով հանդես է գալիս Հայաստանում՝ Բենջամին Բրիտտենի փառատոնի և Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակներում:
2004թ. մասնակցում է Մոսկովյան «Հարության փառատոնին», այն հարստացնելով հայ դասական խմբերգերի նրբագույն երանգներով:
2005թ. ԵՊԿԵ-ը կրկին հրավիրվում է Գերմանիա՝ «Հալլեյի երաժշտական օրեր»-ին, տալով համերգներ Հալլեյում և Լայպցիգում: Մեկ տարի անց, երգչախումբն հաջողությամբ մասնակցում է Ֆրանսիայում տեղի ունեցող «Իլ դե Ֆրանս» միջազգային փառատոնին, իսկ 2007թ. կրկին մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Հարության փառատոնին»:
2007թ. թվականի աշնանը երգչախումբն իրեն հատուկ հիասքանչ կատարումներով հանդես է գալիս Հալեպ, Լաթակիա, Դամասկոս քաղաքներում:
2008թ. մասնակցում է Երևան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստամարաթոնին, իսկ 2009թ.-ին երրորդ անգամ հրավիրվում է մոսկովյան «Հարության փառատոնին»:
Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ (2009թ.) երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, ներկայացնելով Կոմիտասի ստեղծագործությունները Վերջինս երգչախմբի հիմնական առաքելության և մշտական ջանքերի ՝ հնարավորինս տարածել և հանրությանը ճանաչելի դարձնել մեծն կոմպոզիտորի ամբողջ ժառանգությունը:
Իր բարձր կատարողական արվեստով ԵՊԿԵ 2010թ. փայլում է Իտալիայի «Լորետտո 50-երրորդ միջազգային փառատոնին», ինչը սփռվում է աշխարհի 50 երկրներում:
Երգչախումբը բազմիցս հայ երաժշտական հանրությանը ներկայացել է մի շարք գործերի առաջին կատարումներով, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի «Արս պոետիկա» 4 մասից բաղկացած կոնցերտը (1997թ.), Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012թ.), Կարա Մուզայի 1-ին բազմազայն պատարագը (2013թ.) և «Մխիթարյանների պատարագը» (2014թ.):
Երգչախմբի երգացնակը մշտապես ընդլայնվում և բազմազանեցվում է. հայ և արտասահմանյան դասական և ժամանակակից գործերից զատ, երգչախմբի երգացանկում այժմ ընդգրկվում են նաև ջազային կատարումներ: Ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ երգչախմբի համատեղ կատարումները հանդիսատեսին մշտապես գրավում են իրենց ուրույն կատարողական արվեստով: Հայոց ցեղասպանության 100-երրորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացվող «Լույս ի լուսո» նախագծի ներքո, երգչախումբը 2015թ. ընթացքում Տիգրան Համասյանի հետ հանդես է գալիս մի շարք եվրոպական և Հայաստանի հարևան երկրներում (Վրաստան, Թուրքիա), ներկայացնելով հայ հնագույն երաժշտություն շարականներ և տաղեր՝ դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանությամբ: Նույն տարում թողարկվում է ձայնագրությունների CD-ն՝ գերմանական հանրահայտ ECM-Records ձայնագրման ստուդիայի կողմից:
2015թ. գարնանը երգչախումբն արդեն 5-երրոդ անգամ է հրավիրվում մոսկովյան «Հարության փառատոնին», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կոլեկտիվի բարձր կատարողական արվեստն ու յուրահատուկ ոգին:
2016թ. ապրիլին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին» երգչախումբը հանդես է գալիս մի շարք գործերի առաջին կատարումներով:
2016թ. մայիսին երգչախմբի հիմնադրման 20-րդ տարելիցի առթիվ, ստացվում են բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ աշխարհի հանրաճանաչ փառատոններից, ինչպես նաև շնորհվում պետական պարգևներ ու պատվոգրեր՝ ի ճանաչումն երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման ու 20-ամյա վաստակի: Նույն տարվա սեպտեմբերին երգչախումբն իր հիասքանչ կատարումներով զարդարում է Հայաստանում 1-ին անգամ անցկացվող «Շարական» փառատոնը, որի նպատակը հայ հոգևոր երաժշտության հարուստ ժառանգության պահպանումն ու խթանումն է:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, 2017թ. ապրիլին երգչախումբը պատվով ներկայանում է Հայ-ռուսական երգչախմբային առաջին կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը, մասնակցելով Սուրբ Զատկին նվիրված համատեղ համերգին՝ Ռուսաստանից ժամանած երեք առաջատար երգչախմբերի մասնակցությամբ: Համերգի հովանավորն ու կազմակերպիչն էր «Ակտի գրուպ» ընկերությունը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Նույն ամսում «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական կամերային երգչախումբը փայլուն համերգներով հանդես է գալիս Ստեփանակերտի և Քաջարանի հանդիսատեսի համար:
Շարունակվում են երգչախմբի համերգ-դասերը «Դպրոցականի ֆիլհարմոնիա» նախաձեռնության շրջանակներում:
Իր գործունեության ընթացքում երգչախումբը թողարկել է 15 ձայնասկավառակ, ինչը մոտ ժամանակներս կհամալրվի նորերով: